Պարույր Սևակ Հորիզոնական անուն · страница 83 из 100
Страница 83 из 100

Հորիզոնական անուն

25 июля 2020, 23:11

Մարիա՛մ, լսո՞ւմ ես,
        Տեսնո՞ւմ ես, Մարիա՛մ,
        Դրսում անձրև է շեղակի մաղում,
        Ու երբ բացում եմ իմ լուսամուտը,
        Ասես բացում եմ
        Գժված ջերմուկի գազառատ մի շիշ:

        Նույն լուսամուտով երկինք եմ թռչում,
        Որ արդեն հիմա' անձրևից հետո,
        Վճիտ է ու ջինջ'
        Քո հայացքի՛ պես,
        Եվ լայնատարած ու հեռագնաց'
        Ինչպես ժպիտըդ:
        Հետո երկնքից ընկնում են սարին,
        Որտեղ վեհորեն ժայռերն են թառել'
        Նախապատմական թռչունների պես...

        Դու ի՛նձ չես մերժում:
        Դու աշխատում ես ժխտել ինքըդ քե՜զ:
        Եվ քո մերժումի սուտ-սուտ խոսքերից
        Կարող եմ խրտնել ես այնպես դյուրին,
        Ինչպես... քարեղեն այս թռչունները:
        Հիմա հասկացա՞ր...

        Տե՛ս,
        Հորիզոնի գիրգ-գգվոտ գոգին
        Իր գանգրագիսակ գլուխն է դրել
        Մեկնըված դաշտը'
        Մի անտառապատ մեծ լեռան տեսքով,
        Որի անունը քչերը գիտեն,
        Ինչպես որ իմը:
        Իսկ ո՞վ չգիտի, Մարիա´մ, անունըդ,
        Որ հորիզոնի նման է, Մարիա´մ.
        Երբ ընկրկում ենք'
        Նա մոտենում է,
        Երբ մոտենում ենք'
        Հեռանում է նա...

        Գեթ մեկի՛ համար,
        Գոնե ի՜նձ համար մ՛ի լինիր կյանքում
        Այս քո անվան պես կամ հորիզոնի,
        Որ... երբ մոտենամ'
        Դու չհեռանաս...