Պարույր Սևակ Ավազը' հովազ · страница 79 из 100
Страница 79 из 100

Ավազը' հովազ

25 июля 2020, 23:05

Ես նա եմ նաև,
        Որ հասկանում է,
        Թե ինչու է միշտ ավազը լռում։

        Նա հիշում է այն ջրհեղեղները
        Նախապատմական,
        Որոնց լուռ վկան նույն ինքն է որ կա,
        Իսկ երբ չար քամին
        Խաղում է նրա խեղճ ջղերի հետ՝
        Հիշեցընելով
        Նրա փառավոր անցյալը կորած
        Ու նրա ներկան աննախանձելի,
        Ավազը հանկարծ հովազ է դառնում՝
        Ճանկըռտում քամու
        Ու նաև մարդկանց
        Լպիրշ աչքերը։

        Ու նաև մարդկա՜նց,
        Որ մոռանում են իրենց անցյալը։