Պարույր Սևակ Հագուստով ծնվածը · страница 82 из 100
Страница 82 из 100

Հագուստով ծնվածը

25 июля 2020, 23:08

Գործըս թողած'
        Ես քեզ համար
        Նոր հագուստներ եմ հորինում,
        Որովհետև ես չգիտեմ,
        Թե դու ի՞նչ ես հագնում հիմա:
        Եվ գարունը'
        Այս նոր ու հին
        Ճարպիկ-ճարտար ջուլհակուհին,
        Ի՛մ պատվերով ու քե՜զ համար
        Ճորտուհու պես
        Անձեռագործ կերպասներ է ձեռագործում
        Ու դիպակներ զանազան ու զարմանազան,
        Եվ թվում է, թե ընկել եմ
        Ինչ-որ աշխարհ խորհրդավոր ու բազմաբույր,
        Ինչպես... ինչպես դեղատունը:
        Եվ թվում է,
        Թե քեզ համար շոր ընտրելը
        Հեշտ է այնքա՛ն,
        Որքան լեցուն դեղատնից
        Սովորական դեղ խնդրելը,
        Հե՜շտ ու դյուրին'
        Իր սեփական ազգանունը ասելու չափ:
        Բայց... քիչ հետո հասկանում եմ,
        Որ դա հեշտ է,
        Ինչպես մարդու երկու աչքում
        Միանգամից ու նույն պահին նայելն է հեշտ:
        Փորձե՞լ ես դու:
        Հապա փորձի՜ր...
        Ու հիմա քեզ հագցընելու գործըս թողած'
        Մտածում եմ,
        Որ կան կանայք
        Եվ աղջիկներ կան աշխարհում ,
        Որոնց մարմինն ասես ճչում ու հայցում է
        Իրեն փրկել հանդերձանքի կաշկանդումից.
        Թեպետ միշտ էլ հագա՜ծ-կապա՜ծ'
        Մե՜րկ են քայլում նրանք կարծես:
        Իսկ դո՜ւ...
        Ուրի´շ, ուրի՜շ ես դու:
        Դու ծնվել ես
        Կարծես այդպե՛ս՝ հենց հագուստո՜վ...
        Քո սեփական ստվերն անգամ
        Քեզ փաթաթվում-ծածկում է քեզ՝
        Խորհրդապաշտ թիկնոցի պես...
        Ո՛չ մի կոպիտ միտք ու տենչանք
        Քեզ չի հասնում,
        Իսկ հասնելիս՝
        Քեզ դիպչելով ընկրկում է
        Ու վնասում
        Հենց այդ մտքի կամ տենչանքի տիրոջն իրե՜ն,
        Իրե՛ն գցում իր իսկ աչքից...

        Ուրի՜շ ես դու:
        Քոպեսներին սիրում են լոկ,
        Միա՛յն սիրում:
        Քոպեսների անունն ի՜նչ էլ դրած լինեն'
        Իմպեսները միշտ կոչում են նրանց... Մարիամ: