ԵՐԲ ԼՈՒՍԱԲԱՑՆ ԱՅՆՔԱՆ ՀԵՌՈՒ Է ՄԱՍ 9 · страница 9 из 11
Страница 9 из 11

ՄԱՍ 9

30 апреля 2020, 16:16


Խմբի առաջխաղացումն առայժմ ընթանում էր անխափան, բայց ամեն վայրկյան իրադրությունը կարող էր փոխվել։ Ոչ ոք չգիտեր, որտեղի՞ց վտանգ սպասել, կամ որտե՞ղ է թշնամին, քանի՞ հոգի է, ինչպե՞ս է զինված։
Մարգարյանին տարօրինակ թվաց Հայրապետյանի պահվածքը, որն ամեն կերպ հասկացնում էր, որ դադարեցնեն տեղաշարժը։ Դադարի հրաման տալով' Վահանը փորձեց հասկանալ' ինչ է նրա ուզածը։ Վոլոդյան ժեստերով հասկացրեց, որ հավաքվեն մեկ կետում։ Հրամանատարը միշտ էլ վստահել էր Հայրապետյանին ու այս անգամ էլ գիտեր, որ մի բան պատահել է, ու պետք է կատարել զինակցի ուզածը։ Խումբը զգուշությամբ հավաքվեց մի կետում.
- Էն ախմախը չկա,- հազիվ լսելի շշուկով խոսեց փորձառու զինվորը։
- Բա ու՞ր է,-զարմացավ հրամանատարը։
- Գրողի ծոցն է, նա իր խոսքի տերն եղավ։
- Այսի՞նքն- միջամտեց Ռշտունը։
- Ականներս չկան, ուսապարկումս քարեր են,- բացատրեց Վոլոդյան։
- Վա՜յ, Հովի՛կ, Հովի՛կ,- անհանգստացավ Գասպարը։
- Վահա՛ն, ես գնում եմ նրա հետևից,- հաստատակամ հայտարարեց Վոլոդյան։
- Բոլորով կգնանք,- կտրուկ խոսեց Մարգարյանը։
- Մարգարյա՛ն, դա անմտություն է,- հակադարձեց Հայրապետյանը,- դուք կգնաք առաջ, իսկ ես կգնամ մեր հերոսի հետևից, հիմա հաստատ ականները տեղադրած կլինի, պայթյուններից հետո ամեն գնով փորձեք դուրս պրծնել այստեղից։
- Հայրապետյա՛ն, թողնել,- կասեցրեց նրան Վահանը,- մենք խմբով կգնանք Հովիկի հետևից։
- Վահա՛ն, ես գնում եմ ու վե՛րջ, համարի՛ր ինձ դասալիք,- նետեց Վոլոդյան ու բռնեց հետդարձի ճանապարհ։
Պայթյունները չթողեցին խոսել Վահանին, բոլորը պառկեցին գետնին, իսկ Հայրապետյանն անհետացավ մթության մեջ։
- Վահա՛ն, պիտի դուրս պրծնենք այստեղից,- խոսեց Ռշտունը։
- Ես նրանց չե՛մ թողնի,- պատասխանեց հրամանատարը։
- Հրամանատա՛ր, ես քո հետ եմ,- իր խոսքը ասած Գասպարը։
- Բա որ մեզ հրաման էիր տալիս հետ չնայել՝ մտածում էիր կլսե՞նք, Վահա՛ն, դու լավ գիտես որ մեզանից ոչ ոք մյուսին չի թողնի,- բարկացավ Ռշտունը։
- Կամ կմեռնենք բոլորս, կամ կփրկվենք բոլորս, Ռշտուն փոխում եմ հրամանաս,- հիանալով իր մարտիկներով հրամայեց Մարգարյանը։

Մինչ ընկերները որոշում էին իրենց անելիքը, Հայրապետյանն արդեն հասել էր իրենց ելման դիրքը։
- Անուղե՛ղ, տխմա՛ր,- իր մեջ կռվում էր Հովիկի հետ Վոլոդյան,- խիզախությունդ ելել քեզ ուտում է, ա՛յ անխիղճ, բա ես կարո՞ղ եմ գլուխս հանգիստ բարձին դնել, եթե թողնեմ քեզ այստեղ, ապո՛ւշ, ինչքան էլ որ անխելք ես, այդքան էլ ընկերասեր, ընկե՛րս։
- Օջլո՛տ, էս օջիլներդ էիր մոռացե՞լ,- անակնկալի բերեց չորս բոլորը նայող Վոլոդյային Հովիկի ձայնը։
- Ա՛յ դու գրողի՛ տարած, գլուխդ փշրելում եմ, երբ դուրս եկանք այստեղից։
- Վալոդ բիձա՛, ես քու ցավդ տանիմ, ստից ելանք՝ ես քեզի պտի թրաշեմ։
- Տո ա՛յ աննոռմալ, այստեղից դուրս գանք նախ, հետո ինչ ուզում ես արա։
Պինդ գրկախառնվելուց հետո, ոգևորված զինվորները շարունակեցին նահանջել, թշնամին առաջ էր գալիս ու կատաղած' դա արդեն պարզ էր։
- Օջլո՛տ, է՜ Վալո՛դ, որ սաղ մնացինք պտի նշանվիմ։
- Քիչ խոսի՛ր, անպատասխանատու՛ մարդ, քո հետ ամուսնացողն ո՞վ է-կատակեց Հայրապետյանը։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...