ԵՐԲ ԼՈՒՍԱԲԱՑՆ ԱՅՆՔԱՆ ՀԵՌՈՒ Է ՄԱՍ 2 · страница 2 из 11
Страница 2 из 11

ՄԱՍ 2

21 апреля 2020, 16:26


Կապիտան Գևորգյանի փոքրիկ ջոկատը (հինգ հոգի' ներառյալ կապիտանը) առաջադրանք էր ստացել առաջանալ շփման գծով դիրքերից մի փոքր առաջ ու կատարել ականապատման աշխատանքներ։ Իհարկե, բարդ և վտանգավոր առաջադրանք էր, սակայն ոչ Գևորգյանի համար, ով մասնագիտացել ու հմտացել էր նման առաջադրանքներ կատարելու մեջ։ Անձնակազմը նույնպես բանիմաց էր ու հմուտ։
Ավագ սերժանտ Վոլոդյա Հայրապետյան ( ընկերների համար Վալոդ), քառասուն տարեկան, հմուտ ականապատող-ականազերծող, ամուսնացած չէր, ուներ ծանր բնավորություն, համարյա ոչ մեկի հետ լեզու չէր գտնում, փնթփնթացող ու միշտ դժգոհ անձնավորություն, մեծամիտ (սակայն ուներ պատճառներ մեծամտանալու' չափազանց խելացի էր ու իր գործին տիրապետում էր փայլուն կերպով) ու նեղացկոտ։ Խմբում էր նրա կազմավորման առաջին օրվանից, ականների մասին գիտեր ամեն ինչ, ուներ նաև ինժեներական կրթություն։ Ամրակազմ ու բարձրահասակ էր, ջլապինդ թևերն արդեն իսկ վախ էին ներշնչում նայողին։
Խոժոռ հայացքն ու մորուքը ( նրան առանց մորուքի տեսնող չէր եղել) նույնիսկ հրամանատարությանն էին ստիպել հարմարվել այն փաստի հետ, որ նա չի սափրվելու։ Պարփակված ու չշփվող մարդու մասին, ոչ ոք էլ գրեթե ոչինչ չգիտեր։ Կար միայն աշխատանքը, որն էլ նրա կյանքի իմաստն էր։
Ավագ լեյտեյնանտ Ռշտուն Սարիբեկյանը երեսունչորս տարեկան էր' հետախույզ, քարտեզագետ, չափազանց ուշադիր, բարձր պատասխանատվությամբ անձնավորություն, կապիտանի մանկության ընկերն էր, միասին էին սովորել  զինվորական ինստիտուտում, այնուհետև ծառայել տարբեր զորամասերում, խմբի կազմավորումից հետո' Գևորգյանի հրավերով ու վերադասի միջամտությամբ միացել էր ընկերոջը։ Ամուսնացած էր, ուներ մեկ տղա, փոքրուց սիրել էր ռազմական գործն ու ամբողջապես նվիրվել նրան։ Միջահասակ, նիհարավուն, ճարպիկ տղա էր, ֆիզիկական լավ տվյալներով (ինչը հետախուզի համար շատ կարևոր էր), սուր տեսողությամբ, լսողությամբ ու լավ հոտառությամբ ( նույնպես պետքական հատկանիշներ)։ Արագ կողմնորոշվող, էքստրեմալ պայմաներում արագ ելք գտնող, շրջահայաց տղան շատ արագ դարձավ հմուտ հետախույզ ու ջոկատում ուներ իր առանձնահատուկ տեղը։
Շարքային Հովհաննես Պետիկյան քսանչորս տարեկան ( բոլորից երիտասարդն էր խմբում) ամուսնացած չէր, խմբի համեմատաբար նոր անդամն էր։ Աշխույժ, կատակասեր, անվախ ու բռնկուն երիտասարդ էր։ Դիպուկահար էր ու կյանքում բոլորից ու ամեն ինչից շատ' սիրում էր իր զենքը  СВД (Դրագունովի դիպուկահար հրացան) մակնիշի դիպուկահար հրացանը։ Ամենասիրած զբաղմունքը թիրախների վրա կրակելն էր ( ամենասիրածը' իր լեզվով ասած << թուրքի լամուկ>> - ների վրա կրակելը)։ Հումորի ու կատակների համար դարձել էր խմբի ուրախությունը, նույնիսկ ամենաօրհասական պահերին չէր դադարում կատակել ու ժպտալ։ Շփվող ու ընկերասեր անձնավորություն էր, հետևաբար  ուներ լայն շրջապատ ու ընկերներ։ Սիրուն արտաքինով, բայց և առնական դիմագծերով տղան շատ աղջիկների երազանքն էր, բայց նրա երազանքների փերին' ինչպես ինքն էր ասում <<օրիորդ>>  СВД -ն էր։
Սերժանտ Գասպար Թուխիկյան' լիբանանահայ, ծնունդով Բեյրութցի։ Հայրենիք էր եկել բժիշկ դառնալու համար ու ընտրել ռազմական բժշկությունը։ Ամուրի էր։ Լինելով հայրենասեր ու խիզախ մարդ' նախընտրել էր ոչ թե հոսպիտալային բժշկի կարիերան, այլ որոշել էր գտնվել կռվի դաշտում ու օգտակար լինել հենց այնտեղ։ Ծանոթանալով Մարգարյանի ու Սարիբեկյանի հետ' ցանկություն էր հայտնել միանալ նրանց խմբին։ Ընթացքում ստածել էր նաև սերժանտի կոչում։ Հայրենիքից դուրս ծնվելով ու մեծանալով' անհագ ծարավ ուներ դեպի հայրենիքն ու անսասան մղում' ամեն վայրկյան ծառայել նրան։ Կիրթ ու խելացի մարդու ու միաժամանսկ խիզախ ու հայրենասեր զինվորի կերպարները միահյուսվել էին նրա մեջ ու դարձել յուրատեսակ էտալոն'  հայի ու հայրենասերի։ Բարի ու կամեցող անձնավորություն էր, միաժամանակ ռեալ ու արդարամիդ, չէր սիրում քծնանք ու շողոքորթություն։ Հաճելի զրուցակից էր ու լավ հոգեբան։
Եվ վերջապես կապիտան Վահան Մարգարյան' մարտական ծառայության մեդալի արժանացած ուղնուծուծով զինվորական։ Երեսունհինգ տարեկան, ամուսնացած էր, ուներ երկու զավակ։

Դեռ մանկապարտեզից նրա ամենսիրած խաղալիքը ատրճանակն ու ինքնաձիգն էին, իսկ ամենասիրած խաղը << կռիվ-կռիվը>>։ Ատամհատիկին մանուկ Վահանը վերցրել էր Վահան պապի մեդալը, որը նա ստացել էր հայրենական պատերազմում, ինչով և նախանշել էր արդեն իր ապագան։ Ծառայության առաջին իսկ օրվանից պարզ երևում էին նրա հրամանատարական ունակությունները։ Խիստ ու կանոնապահ, հասկացող ու դրության մեջ մտնող, ծանրությունն իր վրա վերցնող, քաջ ու խիզախ, իսկական հրամարատարին վայել հատկանիշներով օժտված մարդ։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ....