ԵՐԲ ԼՈՒՍԱԲԱՑՆ ԱՅՆՔԱՆ ՀԵՌՈՒ Է ՄԱՍ 5 · страница 5 из 11
Страница 5 из 11

ՄԱՍ 5

24 апреля 2020, 14:59


Լռությունը խախտեց Գասպարը' մոտենալով Վահանին ու Ռշտունին.
- Մի հարց տա՞մ ձեզ,- դիմեց նրանց,- ինչո՞ւ ենք մինչև հիմա կենդանի, ի՞նչ է սրանց ուզածը, ինչո՞ւ չեն հարձակվում վրաներս։
- Սպասում են լույսը բացվի,- հոգոց հանեց Ռշտունը։
- Գասպա՛ր ջան, հիմա որ հարձակվեն մթության մեջ մենք ավելի վտանգավոր ենք, քան լույսը բացվելուց հետո։ Լույս ժամանակ մեր տեղաշարժը լավ կերևա ու առանց կորուստ կվերացնեն մեզ։ Կա նաև մեկ ուրիշ տարբերակ, որ կսպասեն այնքան' մինչև մենք հալումաշ լինենք ու հանձնվենք ( դա էլ իրենց վախկոտ բնույթից ելնելով եմ եզրակացնում),- եզրափակեց Վահանը։
- Էշերը ծոծրակները կտեսնեն ու Գասպարին գերի չեն տեսնի։
- Գասպա՛ր ջան, մեզանից ոչ մեկն էլ չի պատրաստվում հանձնվել,-հանգստացրեց լիբանանահային հրամանատարը։
Նորից լռություն տիրեց' ճնշող, մոտալուտ վերջին գույժի լռություն։ Կիսալուսինը մութ երկնքում ավելի էր ճնշում' իսլամական դրոշի կիսալուսինը։ Զինվորներից և ոչ մեկը վախկոտ չէր ու բազմաթիվ անգամ էին հայտնվել դժվար կացության մեջ և խիզախորեն դուրս էին եկել փորձությունից, բայց այս անգամ կարծես ելք չկար։ Սխալ կոորդինատների պատճառով խումբը ներթափանցել էր թշնամական տարածք ու հայտնվել նրանց դիրքերի արանքում, երեք կողմից թշնամական դիրքեր էին, որոնք ամեն վայրկյան պատրաստ էյին դժոխային կրակ թափել խմբի վրա։ Հետդարձի ճանապարհը նույնպես արդեն փակ էր, թշնամին շատ արագ այդ ճանապարհն էլ էր փակել։ Այս ամենը հմուտ հետախույզը շատ արագ պարզել էր ու տեղեկացրել խմբին։ Տարբերակները, որոնք քննարկվեցին հաջորդ մի ժամվա ընթացքում ( առանց Հովիկի, որը նեղացած էր ու չէր մասնակցում խոսակցությանը, այլ պարզապես այս ու այնկողմ էր անում ) հույս չէին ներշնչում։ Գրավել հակառակորդի դիրքն ու այնտեղից ճեղքելով փախչել սեփական դիրքեր։ Հարձակվել հետդարձի ճանապարհը փակած թշնամու վրա ու ճեղքել շրջափակումը։

Սպասել լուսանալուն ու գործել ըստ իրավիճակի։ Բաժանվել երկու խմբի ու տարբեր կողմերից փորձել ճեղքել շրջափակումը... ու այսպես շարունակ։ Ամեն մի տարբերակ բախվում էր լուրջ խոչընդոտների ու հաջողությամբ պսակվելու հավականությունը անշեղորեն ձգտում էր զրոյի։ Իսկ ժամանակը գնում էր, ու լուսաբացը մոտենում էր։
Վերջնական որոշում կայացնելու ժամանակն էր ու պետք էր մի որոշում ընդունել։ Որպես խիզախ ու ռեալ մարդիկ' խումբը որոշեց հարձակվել հետդարձի ճանապարհը փակող թշնամու վրա, ու եթե ստացվի ճեղքել շրջափակումը, ապա կփրկվեն, հակառակ դեպքում էլ իրենց հետ ինչքան հնարավոր է շատ թշնամի կոչնչացնեն։ Միգուցե բախտերը բերի ու յուրայինները նկատեն շարժն ու օգնության հասնեն։
- Եթե ողջ մնացի' Սարուխանյանին իմ ձեռքով եմ սատկացնելու,- եզրափակեց Վոլոդյան։
- Դա դեռ հարց է սա դիտավորություն է, թե՞ պատահականություն,- պատասխանեց Վահանը։
- Դատելով մեր գտնվելու վայրից՝ սա դիտավորություն է։ Պատահական մեզ նման կետ չէին ուղարկի, որ հայտնվենք երեք դիրքերի արանքում,- կարծիք հայտնեց Ռշտունը։
- Դա հետո կպարզենք, հիմա կարևորը դուրս պրծնելն է,- դիմեց ընկերոջը Վահանը։
- Հովի՛կ, դու ի՞նչ կասես, մեզ հե՞տ ես, թե՞ երեխայի պես խռոված պիտի այստեղ նստած մնաս,- հեգնեց Հայրապետյանը։
- Օջիլների կամանդի՛ր, դու քու օջիլներդ կարգավորե՛, մորուքիդ վրա քիչ գոնկա ենեն,- կատաղած պատասխանեց Հովիկը,- Վահա՛ն ախպեր, դուք չորսով կառաջանաք, ես էլ թիկունքը պահելով գուգամ։
- Բոլորս միասին կգնանք։
- Չեղավ, կամանդի՛ր ջան,- հակառակվեց Հովիկը- դուք ընձի չլսիք ու ձեր պարը որոշիք պարել, ես էլ ձեր պարը պտի շորորամ, բայց մե պայմանովմ, որ իմ պարը ես ինչխ ուզի՝ ըդպես պտի պարեմ։
- Լավ, Հովի՛կ ջան, թող քո ասածով լինի, բայց ինքնագլուխ ոչի՛նչ չես անում։
- Ինչխ սես, կամանդի՛ր ջան,- համաձայնվեց Հովիկը։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...