Խոշտանգված երեխաներ Պատմություն 1 · страница 3 из 3
Страница 3 из 3

Պատմություն 1

22 декабря 2025, 00:44

Ես առաջնեկն եմ։ Չափահաս եմ։ Ծնողներիս մյուս երեխաները նույնպես չափահաս են։

Մեր տանը միշտ բռնություն էր, վեճ, ծեծ։
Հայրիկը սիրուհիներ ուներ, մայրիկը նրանց ճանաչում էր։ Վեճ էր առաջանում։ Դե ես փոքր էի այն ժամանակ, վեճերի պատճառները չէի հասկանում, բայց ծնողներիս ծեծկռտուքն ու վատ խոսքերը սովորական բան էին։

Մայրս փորձել է բաժանվել։ Հիշում եմ։ Տատիկի տուն էինք գնացել։ Էնտեղ մաման մի օր ինձ լողացնում էր։ Ջրի տաք ու սառը չէր ստուգում իր ձեռքի վրա։ Ինձ էր դնում ջրի տակ, հետո կարգավորում տաք ու սառ։ Էդ օրը սովորականից ավելի ջղայնացած էր։ Ջուրը տաք էր։ Ասացի, որ տաք ա։ Սառը բացեց, ասացի, որ սառն ա։
Մեկ էլ հիշում եմ, որ գոռոցիս վրա տնեցիները վազելով հասան։
Արթնացա անկողնում։ Մարմնիս մածուն էր քսած։ Մոտեցավ ոչ թե մայրս, այլ քեռեկինս։
- Ցավում ա՞։
- Չէ։
- Դե մամային չջղայնացնես, որ էլ տենց չանի...

Մինչև օրս ատում եմ էդ արտահայտությունը՝ մամային չջղայնացնես։ 2-3 տարեկան էի։ Էդպես պառկած փորձեցի հիշեմ էդ ինչ էի արել, չկարողացա։

Մի քիչ մտքերս հավաքեմ, էլի կգամ

Ծնողներս էլի միացան։ Մորս խոսքով՝ հայրս ցանկացել էր կեղծ փաստաթղթեր դասավորել ու վերցնել ինձ։
Տանը նորից կռիվներ, նորից ծեծ, վեճ։ Հետո զվարճանքին ինձնից փոքր քույրս էլ միացավ։ Չուտող էինք։ Կուլ կգնա՞ր։

Մի օր մայրս երկուսիս նստեցրել է սեղանի մոտ, որ հաց ուտենք։ Հայրս էդ ժամանակ դուրս եկավ, որ աշխատանքի գնա։ Չենք ուտում։ Սեղանին դանակ-պատառաքաղների դանակներից կար, էն որ չեն կտրում։ Բարկացած դա վերցրեց ու կատաղի քսում էր թևիս։ Ցուրտ էր, մի քանի շոր կար հագիս, հասկացա, որ էդքան շորերի վրայից էդ դանակը վնաս չի տալիս, հանգիստ էի լացում, բայց քույրս սկսեց վախեցած գոռալ։ Մեր ձայնից հայրս էլի հետ եկավ, չգիտեր ինչ է եղել, ուղղակի մորս դիտողություն արեց, էլի գնաց։ Մայրս էլ սթափվեց երևի, չգիտեմ, բայց էլ չարեց։

Մորս ամեն անգամվա ծեծերը չեմ պատմի, բայց մի քանիսը պատմեմ։

Մեր բակում մի երեխա ինձ նախանձում էր։ Երևի որ շատ խաղալիքներ ունեի, չգիտեմ։ Ծեծում էր ինձ։ Մի օր մեջքս դրեց ցածր պատին ու ինձ դեպի հետ ծալեց 90°։ Ողնաշարիս ցավից երևի գոռացի, թե այլ պատճառով, չեմ հիշում, շուտ բաց թողեց։ Ես իրեն խփելու սովորություն չունեի, բայց էդ անգամ խփել եմ։ Ամբողջ ուժով ապտակեցի ականջին։ «Մամա» գոռալով վազեց տուն։ Հետո մեր տուն եկավ մոր հետ։
-Դո՞ւ ես խփել ականջին։
-Հա՛,- պատասխանեցի՝ վստահ լինելով, որ արդար եմ։
Ջղայնացավ վիճեց մորս հետ, ու գնացին։

Դրանից հետո ծեծ կերա։
-Քեզ չեմ ասե՞լ՝ ասա՝ ես չեմ արել...

Փարթամ մազեր ունեի, չէին սանրվում։ Մի առավոտ մայրս ինձնից հետո պիտի տնից դուրս գար, սուր քթերով բարձրակրունկներ էր հագել։ Երևի ուշանում էր։ Սանրում էր, ես ճչում էի։ Ինձ գցեց հատակին ու խփեց կոշիկի սուր ծայրով։ Ողնաշարիս կպավ։ Ցավից սկսեցի տարօրինակ աղաղակներ հանել։
-Ի՞նչ եղավ, ի՞նչ եղավ,- անհանգստացավ, բայց համոզվեց, որ կարող եմ կանգնել, քայլել, դասի ուղարկեց։
2-րդ դասարան էի։ Դասամիջոցին զգացի, որ արագ քայլելիս ողնաշարս ճռճռում էր։

Այս պատմությունն ինձ վրա ուրիշ կերպ վատ է ազդել։ Փոքր եղբորս դպրոց ուղարկելիս ինչ-որ բանից բարկացա, գցեցի հատակին ու սկսեցի նույն ձև քացով խփել։ Հիշելիս ստամոքսս ցավում է։
Մորս ներել եմ, ինձ՝ չէ։